Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մարդու մեջ ամեն ինչ գեղեցիկ պետք է լինի...»

«Մարդու մեջ ամեն ինչ գեղեցիկ պետք է լինի...»
10.02.2017 | 11:32

Ես ճեմարան եկա 1990 թվականի սեպտեմբերի 1-ին, մասնակցեցի բացման արարողության համերգային ծրագրին։ Իմ մշտական խաղընկերուհի Հայկուհի Խուդավերդյանի հետ հանդես եկանք երգիծական մանրապատումներով։ Ելույթից հետո մեզ մոտեցավ մեր վաղեմի բարեկամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լուիզա Սամվելյանը։ Նա շնորհավորեց մեզ, համբուրեց։ Այնուհետև ինձ մոտեցավ ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը և շնորհավորելով ասաց. «Դուք իմ մանկության ամենասիրած դերասանն եք»։

Նա առաջարկեց ինձ աշխատել ճեմարանում։ Ես այդ ժամանակ աշխատում էի Հանրային հեռուստատեսությունում (Հ1), Խորհրդային Միության փոխանակային ծրագրերի բաժնի վարիչն էի։ Ես պատրաստեցի առաջին լիարժեք հաղորդումը առաջին ազգային քոլեջի (հետագայում` Ա. Շիրակացու անվան ճեմարան) մասին, որը ցուցադրվեց Թբիլիսիում, Մինսկում, Լվովում, Ռոստովում, Բիշքեկում, Արխանգելսկում և նախկին Միության այլ քաղաքներում։ Նշված հեռուստատեսության ստուդիաների ղեկավարություններից մենք ստացանք շնորհակալական հեռագրեր, շնորհավորանքներ։ 1990-ի դեկտեմբերի 25-ին ես մասնակցեցի ճեմարանի ամանորյա առաջին հանդեսին, որ հետագայում դարձավ ավանդական։


1991-ից ես արդեն դասավանդում էի բեմարվեստ, իսկ հետագայում` էթիկա, էսթետիկա, հռետորական արվեստ։ Ծրագրերը ես էի կազմել։ Այդ առարկաների հիմնական նպատակն էր դաստիարակել կիրթ, բազմակողմանի զարգացած քաղաքացի, իսկական մտավորական։
Բոլոր դասերը ես սկսում էի հետևյալ կերպ. թելադրում էի երկու, ըստ իս, շատ կարևոր միտք։ Առաջինը` «Ոսկե կանոնը» ըստ Մատթեոսի. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց»։ Երկրորդը` Անտոն Չեխովի նշանավոր խոսքերը. «Մարդու մեջ ամեն ինչ գեղեցիկ պետք է լինի. և՛ դեմքը, և՛ զգեստը, և՛ հոգին, և՛ մտքերը...»։


Համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ուղղորդվի այս երկու կարևոր իմաստություններով։ Երբ ես դպրոցական էի, մեզ ամեն կիրակի թատրոն էին տանում։ Դպրոցական տարիներից մենք դիտում էինք երևանյան թատրոնների լավագույն ներկայացումները, ծանոթանում էինք հայ բեմի վարպետների հետ։ Բացի այդ, դպրոցներում գործում էին թատերական խմբակներ։ Դա շատ կարևոր օղակ էր գեղագիտական դաստիարակության ասպարեզում։ Նման թատերախումբ հարկավոր էր և նորաստեղծ ուսումնական հաստատության` ճեմարանի համար։


1991-ի մայիսի 31-ին տեղի ունեցավ մեր թատերախմբի (որը ես կոչում եմ թատերական ստուդիա) առաջին ելույթը։ Ներկայացվեց Վարդան Աճեմյանի «Хорошо» մանրապատումը։ Մինչև այսօր գործում է մեր ստուդիան, և այս տարիներին բեմադրվել են աշխարհի լավագույն դրամատուրգների և գրողների գործերը (Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար», Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», Ի. Իլֆի և Եվգ. Պետրովի «Ռոբինզոնը», «Բուռն զգացմունքը», Ա. Չեխովի «Արջը», «Առաջարկությունը», Ն. Գոգոլի «Ռևիզորը», Ա. Շիրվանզադեի «Մորգանի խնամին», «Պատվի համարը», Շ. Պեռոյի «Մոխրոտը», Մ. Զոշչենկոյի «Ոճիր և պատիժը», «Ճգնաժամը», «Արիստոկրատուհին», Օ’ Հենրիի «Մոգերի ընծաները», Գ. Տեր-Գրիգորյանի «Սոֆիկի սխալը», Դ. Ֆոնվիզինի «Տհասը», Ա. Օստրովսկու «Ամպրոպը»)։


Հանրապետության հայոց լեզվի և գրականության լավագույն մասնագետներից մեկը` Թամարա Ալեքսանյանը, որ տարիներ շարունակ ճեմարանի մայրենիի ամբիոնի վարիչն է, գրեց մի պիես` «Թումանյանի աշխարհում»։ Ես այն բեմադրեցի իմ ստուդիայի սաների հետ, ընդ որում` այս ներկայացման մեջ օգտագործվեցին օպերային տարրեր` երգչախումբ, բալետ (երաժշտական ղեկավար` Ռուզաննա Մալխասյան, բալետմայստեր` Կարինե Ասլանյան)։ Բեմադրեցի նաև իմ պիեսներից «Տոնածառը և Կարմիր գլխարկը», «Հենզելը, Գրետելը և....», «13-րդ ալիքը»։


Մեր թատերախումբը մասնակցել է ճեմարանի ավանդական «Շիրակացու օրեր» փառատոնին, «Սահմանադրություն և իրավունք» օլիմպիադային, «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնին։ Թատերախումբը արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության դիպլոմի, պատվոգրերի և շնորհակալագրերի, «Թռիչք» հուշարձանիկի։


Թատերախումբը բազմիցս արժանացել է «Շիրակացու օրեր» փառատոնի դափնեկրի կոչման։
Մեծ արձագանք գտավ իմ հեղինակային «Միացրե՛ք 13-րդ ալիք» հեռուստատեսային հաղորդման 40-ամյակին նվիրված շոու-ծրագիրը։ Այդ ծրագրին մասնակցեցին ճեմարանի մանկավարժները, ուսուցիչները, թատերական ստուդիայի սաները, Վ. Բրյուսովի անվան ինստիտուտի շրջանավարտները, որոնք 40 տարի առաջ այդ հաղորդման հերոսներն էին, և հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Ի դեպ, հայ մշակույթի գործիչները հաճախ են լինում ճեմարանում։ Անմոռանալի է հանդիպումն ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հետ։ Ճեմարանի լավ բարեկամներն են եղել Վլադիմիր Աբաջյանը, Երվանդ Մանարյանը, Հայկուհի Խուդավերդյանը, Ռուբեն Կարապետյանը, Մայա Ավագյանը, Արևշատ Ավագյանը, Սոս Սարգսյանը և ուրիշներ։


1993-ին ճեմարանը տվեց իր առաջին շրջանավարտները։ Առաջին Վերջին զանգից և ավարտական երեկոյից սկսած ես կազմակերպիչներից եմ և վարողը։ Վարել եմ նաև քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության հանրապետական օլիմպիադաների համերգային ծրագրերը։
Հանդիսավոր կերպով նշվել են ճեմարանի հնգամյա, տասնամյա և քսանամյա հոբելյանները, կրտսեր դպրոցի տասնամյակը։ Ակտիվորեն մասնակցել եմ թե՛ կազմակերպչական, թե՛ ստեղծագործական հարցերի լուծմանը, սերտ կապեր հաստատել հեռուստատեսության և ռադիոյի հետ։ Ճեմարանի մասին իմ սյուժեներն են հեռարձակել «Աշխարհը և մենք» (Հ1), «Մարաթոն» (3-րդ ալիք) ծրագրերում, «Հասակակիցներ» ռադիոհանդեսում։
Երբ նշվում էր ճեմարանի տասնամյակը, ես ստեղծեցի հաղորդում մեր ուսումնական հաստատության մասին։ Այդ հաղորդումը ցուցադրվեց Հանրային հեռուստատեսությամբ և «Պրոմեթևս» հեռուստաընկերությամբ։


«Արմեն-Ակոբ» հեռուստաընկերությունը հեռարձակեց ճեմարանի թատերական ստուդիայի «Արջը» (Ա. Չեխով) և «Մորգանի խնամին» (Ա. Շիրվանզադե) ներկայացումները։
2010 թվականին ճեմարանի թատերախումբն առաջին անգամ մասնակցեց «Зеленая планета» մոսկովյան միջազգային փառատոնին։ Դա շատ հեղինակավոր փառատոն է, որին մասնակցում են 100-ից ավելի երկրներ։ Հեղինակավոր է և ժյուրիի կազմը։


Այդ տարի մենք ներկայացրինք Մ. Զոշչենկոյի «Երկու նովելը» («Ճգնաժամ», «Արիստոկրատուհին») և արժանացանք փառատոնի դափնեկրի կոչման։
2012 թվականի փառատոնին ներկայացված էին Ա. Շիրվանզադեի «Պատվի համարը» և Օ’Հենրիի «Մոգերի ընծաները»։ Այդ տարի նույնպես մենք դարձանք դափնեկիր։
Թատերախումբը դափնեկիր դարձավ նաև 2014 և 2015 թվականներին։ 2014-ին` Ի. Իլֆի և Եվգ. Պետրովի «Բուռն զգացմունք» վոդևիլի, իսկ 2015-ին` Դ. Ֆոնվիզինի «Տհասը» կոմեդիայի համար։


Վերջերս ուրախ լուր ստացանք Մոսկվայից։ 2016-ին մեր ներկայացրած Ա. Չեխովի «Առաջարկություն» կատակերգությունը արժանացավ «Зеленая планета» 14-րդ փառատոնի դափնեկրի կոչման։ Թատերախումբը հինգերորդ անգամ դարձավ դափնեկիր։
Համոզված եմ, որ թատրոնը մեծ դեր է խաղացել և խաղում ճեմարականների գեղագիտական դաստիարակության գործում։ Այն արթնացնում է վեհ զգացումներ և գաղափարներ, սեր է արթնացնում գեղեցիկի հանդեպ։


Այսօր ես շարունակում եմ իմ աշխատանքը թատերախմբի հետ։ Ափսոս, որ երեխաներն ավարտում-գնում են, ու ամեն անգամ ստիպված նոր կազմ ես հավաքում։ Չնայած դա շատ հետաքրքիր է։ Ես սովորեցնում եմ երեխաներին բեմից մատուցել մաքուր հայերենը, սովորեցնում եմ անկեղծ ու անկաշկանդ շփվել բեմում։
Համոզված եմ, որ Ֆ. Դոստոևսկու խոսքը` «Գեղեցիկը կփրկի աշխարհը», կօգնի մեր սաներին։


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1727

Մեկնաբանություններ